left.jpg

Մարդ կա` աշխարհն է շալակած տանում, մարդ կա`

1.  ելել է շալակն աշխարհի
2.  "բալկոնչիկի" հաշվին ընդլայնել է "իր փայ" աշխարհի մակերեսը
3.  դարձել է մաքսավոր` շալակի եղածը "հարմար" գնով մաքսազերծելու համար

1. 12 %   2. 83 %   3. 4 %  
Քվեարկել է 598 մարդ
 
 

 
 
 


ԵՐԳԻԾԱՆՔ

Երգիծանքը (գրականության եւ արվեստի մեջ) իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ է: Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան:

Երգիծանքը ենթադրում է կյանքի այնպիսի կողմերի պատկերում, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար: Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարբերաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ` կատակերգությունը, վոդեւիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ եւ թատրոնում, ծաղրանկարը, շարժը` կերպարվեստում:

Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներից են Մոլիերը, Սվիֆտը, Գոգոլը: Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Պարոնյանը, Օտյանը, Լեռ Կամսարը եւ այլոք: Տարբեր են լինում երգիծանքի երանգները` անզիջող ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչեւ թերությունների մեղմ պատկերում:

ՀՈՒՄՈՐ

Հումոր (լատիներեն humor - բառացի` հեղուկ), իրականության երգիծական պատկերման ձեւերից մեկը, ներողամիտ ծաղր հասարակական կյանքի եւ մարդկային բացասական գծերի նկատմամբ:

Հումորի նպատակն է ցույց տալ դրական անձնավորության կամ երեւույթի առանձին թերությունները, օգնել դրանց վերացմանը: Հումորն ունի բարեմիտ վերաբերմունքի, մտահոգության, կարեկցանքի, թախծի կամ կատակախառն հրճվանքի երանգ:

ՀՈՒՄՈՐԵՍԿ

Հումորեսկ - (գերմաներեն humoreske, բառացի` հումորով պարուրված), կատակային, երբեմն քնարական բնույյթի երաժշտական պիես: Դաշնամուրային երաժշտության մեջ պիեսի այդ տիպը ստեղծել է Ռոբերտ Շումանը: Հումորեսկի ժանրին են դիմել իրենց ստեղծագործություններում րիգը, Դվորժակը, Չայկովսկին, Ռախմանինովը, Շչեդրինը: Գրականության մեջ հումորեսկը արտահայտվում է արձակ կամ չափածո զավեշտական մանրապատումի տեսքով:

ԳՐՈՏԵՍՔ

Գրոտեսք - (ֆրանսերեն grotesque` ծիծաղաշարժ եւ իտալերեն grottesco` արտառոց բառերից), գեղարվեստական պատկերավորման տեսակ, որը հիմնված է երեւակայականի եւ իրականի, ողբերգականի եւ կատակերգականի, ճշմարտացիի եւ ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրման վրա: Որպես ոչի տարր, սուր կոմիկական միջոց, գրոտեսքը հատուկ է մի շարք գրական եւ գեղարվեստական ժանրերին` ծաղրանկարին, պամֆլետին, ֆարսին: րոտեսքի միջոցներն իրենց ստեղծագործություններում կիրառել են ինչպես գրողները (Հաշեք, Կաֆկա, Բրեխտ), այնպես էլ կերպարվեստի, թատրոնի եւ կինոյի երախտավորները (Պիկասո, Շագալ, Չապլին, Բունուել, Վախթանգով, Մեյերհոլդ):

ՊԱՐՈԴԻԱ

Պարոդիա - (հունարենից բառացի` ծաղրանմանակում) գրականության, երաժշտության եւ կերպարվեստի մեջ ստեղծագործության կոմիկական նմանակում: Պարոդիան ձեւավորվել է դեռեւս անտիկ ժամանակներում: Որպես գրական ժանր, այն կառուցվում է ստեղծագործության ոճի եւ թեմատիկայի միտումնավոր անհամապատասխանության հիման վրա: Գոյություն են ունեցել պարոդիայի հատուկ թատրոններ, ինչպես օրինակ "Ծուռ հայելի"-ն Պետերբուրգում` 1908-1931թթ., "Չղջիկը" Մոսկվայում 1908-1920թթ. եւ այլն: Կինեմատոգրաֆում տարածված է ֆիլմ-պարոդիա ոճը, որում նմանակվում է այս կամ այն ֆիմը կամ կինեմատոգրաֆիական ուղղությունը:

ԷՍՏՐԱԴԱ

Էստրադա - (ֆրանսերեն estrade բառից, որի արմատը լատիներեն stratum-ն է, ինչն էլ բառացի կարող է թարգմանվել` "սալակված հատակ") մեկ ներկայացման կամ համերգի մեջ մի քանի բազմաբնույթ արտիստների ելույթները համակցող բեմական արվեստի տեսակ: Էստրադային արվեստի ակունքները գալիս են միջնադարյան Եվրոպայից, որտեղ ընդունված էին թափառաշրջիկ դերասանների` ժանգլյորների, շպիլմանների, պայացների եւ սկոմոռոխների փողոցային ելույթները: Ավանդաբար էստրադային արտիստները ձգտում են երգիծանքի, սատիրայի, նմանակումների, պարոդիայի ձեւով մերկացնել իրականությունը, ալեգորիկ ներկայացնել մարդկային զգացմունքներն ու փոխհարաբերությունները: Ժամանակակից էստրադային արվեստի տարատեսակներից են մյուզիկ-հոլլեր, վարյետեներն ու կաբարեները:

ՇԱՐԺ

Շարժ – (ֆրանսերեն charge, բառացի` "բեռ", "ծանրաբեռնվածություն", "չափազանցություն") երգիծական կամ զավեշտական պատկեր, հիմնականում` դիմապատկեր, որում պահպանելով արտաքին նմանությունը, ձեւափոխվում կամ ընդգծվում են բնորդի առավել բնորոշ գծերը: Շարժը ծաղրանկարի տարատեսակներից է, դրա ավելի մեղմ, բարեկամական ձեւը: Շարժի հնարքները օգտագործվում են նաեւ գրականության մեջ, ֆելիետոնի կամ պարսավագրի տեսքով: Շարժի հիմնադիրներից կարելի է համարել ֆրանսիացի Օգյուստ Դոմիենին:

ՖԱՐՍ

Ֆարս – (ֆրանսերեն farce, ծագել է լատիներեն farcio բառից, որը թարգմանաբար նշանակում է "սկսում եմ". միջնադարյան միստերիաները սկսում էին կոմիկ ներդիրներով) թատրոնի եւ գրականության տեսակ, որը հիմք է առել միջնադարյան արեւմտաեվրոպական երկրներում: Ֆարսն առանձնացել է իր կոմիկական, զավեշտական, երգիծական ուղղվածությամբ, կենսուրախ ազատախոհությամբ: Ֆարսը հատկապես տարածված էր Ֆրանսիայում եւ Իտալիայում: Մոլիերը հաճախ էր իր ստեղծագործություններում դիմում ֆարսի հնարքներին, Իտալիայում այն իր հետ բերեց մի ողջ թատերական ուղղվածություն` "կոմեդիա դել արտե": Մի փոքր ավելի ուշ ֆարսը սկսեց իր կատակերգություններում կիրառել Շեքսպիրը: Ֆարսի հնարքները մինչ օրս լայնորեն իրենց կրկեսային համարներում կիրառում են ծաղրածուները:

ՖԵԼԻԵՏՈՆ

Ֆելիետոն - (ֆրանսերեն feuillet` "թերթիկ" բառից) գեղարվեստա-հրապարակախոսական գրական ժանր, որին հատուկ է քննադատական, հաճախ կատակերգական, երգիծական բնույթը: Այս ժանրի ծնունդը կարելի է համարել 1800թ. հունվարի 28-ին փարիզյան "Ժուրնալ դը դեբա" հանդեսում տպագրված հավելյալ թերթիկը, որտեղ լրատվամիջոցների պատմության մեջ առաջին անգամ տեղ էին գտել ոչ քաղաքական, ոչ պաշտոնական հաղորդագրություններ: Ժամանակի հետ ֆելիետոնը դարձավ լրատվամիջոցների գործունեության, հրապարակախոսության, հրատապ սոցիալ-կենցաղային եւ քաղաքական նյութերի մատուցման ցանկալի ու տարածված ձեւերից մեկը:

ԲՈՒՖՈՆԱԴ

Բուֆոնադ - (իտալերեն boffonata բառից, թարգմանաբար՝ կատակ, խեղկատակություն), դերասանական խաղի տեսակ, որին բնորոշ է կերպարի ինտոնացիոն կամ պլաստիկական գծերի ընդգծված ոճավորումը, բնութագրական հատկանիշների սրումը: Բուֆոնադը հատուկ է կատակերգական ժանրին, զարգացել է առավելապես միջնադարյան թատերական արվեստում: Այս ժանրին են դիմել այդ ժամանակահատվածի առավել ժողովրդայնություն վայելող դերասանները` միմերը, հիստրիոնները, սկոմոռոխները, հաճախ նաեւ ակրոբատներն ու ծաղրածուները: Բուֆոնադի որոշ առավել բնութագրական գծեր պահպանվել են նաեւ այսօրվա թատրոնում, հիմնականում՝ Եվրոպայում:

ԿԱԲԱՐԵ

Կաբարե - (ֆրանսերեն cabaret, բառացի՝ "փոքրիկ գինետուն"), բեմահարթակով փոքր ռեստորան, որտեղ ներկայացվել են զվարճալի համերգներ: Ի սկզբանե կաբարեները գործել են որպես արտիստիկ կամ գրական պանդոկներում դրանց իսկ հաճախորդների` դերասանների, բանաստեղծների, նկարիչների, կոմպոզիտորների կողմից հանպատրաստից իրականացվող ներկայացումներ եւ ծագել են 19-րդ դարում, Փարիզում` Մոնմարտրի պանդոկներում ու սրճարաններում: Աստիճանաբար կաբարեները սկսեցին տարածվել Եվրոպայի այլ երկրներում, կրելով նախապես մշակված, ծրագրված բնույթ: Դրանցում ելույթ էին ունենում երգիծաբանները, բանաստեղծները, նմանակողները, երգիչները, իսկ ողջ համերգը վարում էին հատուկ շնորհքով օժտված դերասանները` կոնֆերանսիեները: Որպես օրենք կաբարեները հաշվարկված են եղել հաճախորդների նեղ շրջանակի վրա, որոնք ներկայացնում էին հիմնականում արտիստիկ բոհեմը:

ԿՈՆՖԵՐԱՆՍԻԵ

Կոնֆերանսիե - (ֆրանսերեն conferencier` "զեկուցող" բառից), Էստրադային ներկայացում կամ համերգ վարող եւ համարների ընդմիջումներում ելույթ ունեցող արտիստ, համերգավար: Կոնֆերանսիեն պետք է օժտված լինի սրամտելու, իմպրովիզացիաների, լսարանի հետ հաղորդակցվելու, պահի տակ արագ կողմնորոշվելու ունակություններով: Առաջին կոնֆերանսիեները հանդես են եկել 19-րդ դարի երկորդ կեսին, փարիզյան կաֆեշանտաններում, կաբարեներում, այնուհետեւ նաեւ` վարիետեներում եւ մանրապատումների թատրոնում:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Կատակերգություն - (հունարեն` կոմեդիա, որը բառացի նշանակում է "ուրախ երթ"), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայացվում են ծիծաղելիի, զավեշտականի շրջանակներում: Հին հույն փիլիսոփա Արիստոտելի սահմանմամբ, "կատակերգությունը վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորությամբ, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում միայն: Ծիծաղելի կարող է լինել այն սխալը կամ արատը, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...": Այս ժանրը ծագել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախ խաղերից, ներկայացումներից: Իսկ որպես գրական ժանր ձեւավորվել է մ.թ.ա. 5-րդ դարում, "կոմեդիայի հայր" Արիստոֆանի ստեղծագործություններով: Ավելի ուշ՝ արդեն ուշ միջնադարում տարածվելէ ողջ Եվրոպայում: Կատակերգության ժանրին են դիմել իրենց ստեղծագործություններում Մաքիավելին, Բոմարշեն, Մոլիերը, Շեքսպիրը, Լոպե դե Վեգան, Օսկար Ուայլդը, Բերնարդ Շոուն, Գրիբոյեդովը, ոգոլը եւ շատ այլ անվանի գրողներ: Հայ գրողներից կատակերգության ժանրի մեծ վարպետներ են աբրիել Սունդուկյանը, Երվանդ Օտյանը, Հակոբ Պարոնյանը եւ այլոք:

ԿԱՏԱԿԵՐԳԱԿ

Կատակերգակ - (կամ կոմիկ՝ նույն կոմեդիա բառի արմատից) դերասանական ամպլուա, թատերական գործողությունների մեջ ծաղրական, ծիծաղելի, զվարճալի իրավիճակներ ներկայացնող դերասան:

"ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍԵԶ"

"Կոմեդի Ֆրանսեզ" - Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը: Հիմնադրվել է 1680-ին, Փարիզում, Լյուդովիկոս 14-րդի հրամանագրով, իր մեջ միավորելով Մոլիերի եւ "Բուրգունդյան օթել" թատրոնները: 18-րդ դարի վերջում, ֆրանսիական հեղափոության հետեւանքով, թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվական եւ դեմոկրատա-լուսավորական միտումները վերափոխվել են նորարարական-հեղափոխական երանգներով, բեմադրություններին հաղորդելով սուր, արդիական, երբեմն երգիծական ուղղվածություններ: Այդ ժամանակներից սկսված այս թատրոնը վերանվանվել է "Ազգի թատրոն": Թատրոնում տարբեր ժամանակաշրաջններում խաղացել են խոշորագույն, ազգի կողմից սիրված եւ մեծ ժողովրդականություն վայելող դերասաններ:

ԿՈՄԵԴԻԱ ԴԵԼԼ'ԱՐՏԵ

Կոմեդիա Դելլ'Արտե - (իտալերենից բառացի` "դիմակների կատակերգություն"), իտալական ուշ միջնադարի ժողովրդական թատրոն, բնույթով բանավոր-իմպրովիզացիոն արվեստի կրող, որի ակունքները վաղ միջնադարի եվրոպական ժողովրդական աշխարհիկ թատրոնի ընդերքում են: Իր բարձրագույն ծաղկմանն է հասել 17-րդ դարում, որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից եւ Վերածննդի դարաշրջանի իտալական կատակերգությունից (կոմեդիա էրուդիտա): Կոմեդիա Դելլ'Արտե-ն գրական տեքստ չի ունեցել, այլ սյուժետային պատրաստի սխեմաներ՝ տասնյակ տարբերակներով եւ անփոփոխ դիմակ-ամպլուաներ, որոնց հիման վրա խաղի կենդանի ընթացքում դերասանները հորինել են խոսքը եւ բեմական իրադրությունները, այդ ամենը զուգորդելով երգի, պարի, կատակների, բուֆոնադային-կրկեսային տեսարանների հետ: Կոմեդիա Դելլ'Արտե-ին հատուկ է եղել կերպարների երգիծական-գրոտեսքային խտացումը:

ԲՈՄՈՆԹ

Բոմոնթ - արտահայտություն, որի "կնքահայրը" միջնադարի անգլիացի դրամատուրգ Ֆրենսիս Բոմոնթն է (1584 - 1616): Բոմոնթը եղել է Շեքսպիրի եւ Թոմաս Ֆլետչերի հասակակիցը եի իր որոշ ստեղծագործություններ գրել է նրանց հետ համատեղ: Նրա ոճին հատուկ էին Վերածննդի դարաշրջանի կենսուրախությունը, երգիծական ուղղվածությունը: Նրա կատակերգությունները մեծ հետք են թողել այդ ժամանակաշրջանի գրականության վրա: Ներկայումս "բոմոնթ" ասելիս հասկանում են հումորի աշխարհի անվանի, հեղինակավոր մարդկանց հավաքավայր, այսպես ասած` "խմբակային պատկեր":

ՍԱՏԻՐԱ

Սատիրա (լատիներեն satira, satura (lanx) - խառը մրգերով (թաս), փոխաբերական իմաստով` խառնուրդ, այլեւայլ բաներ):

Իրականության երգիծական պատկերման ձեւ, որ նպատակ ունի բացահայտել եւ ծաղրել այս կամ այն երեւույթի կամ անհատի բացասական դրսեւորումները, ծիծաղի ուժով մաքրագործելով կյանքը եւ մարդկանց:

ՍԱՐԿԱԶՄ

Հունարեն բառացի նշանակում է` միս կտրատել, պատառոտել: Կատակերգականի տեսակ է, սպանիչ ծաղր պարունակող դատողություն: Հեգնանքի բարձրագույն աստիճանը, որով դրական սկզբնախոսքից անմիջապես հետո բացահայտվում է երեւույթի բացասական "արժեքը":

Նպատակամիտվածությամբ սարկազմը միշտ անխնա է, ծաղրող, մինչդեռ հեգնանքը, որպես հումոր օգտագործելիս, ձեռք է բերում խաղաղ նրբերանգներ: Ի տարբերություն ուղղակի մերկացման, սարկազմը դրսեւորվում է որպես առարկայի վերաիմաստավորման պրոցես: Սարկազմով հագեցած են Պարոնյանի, Օտյանի շատ երկեր:






© 2008 - 2010 HUMOR.am
e-mail:humor@humor.am