left.jpg

Ինչո՞ւ է ձեռնտու սևամորթ նախագահը.

1.  սուտ խոսելիս դեմքը չի շառագունում
2.  աշխարհաքաղաքական մավրական խանդն արդարացվում է
3.  "Սևերես մնացինք" արտահայտությանը նոր իմաստ ու նշանակություն է հաղորդում…
 
1. 57 %   2. 14 %   3. 29 %  
Քվեարկել է 7 մարդ
Շնորհակալություն
քվեարկելու համար
 
 

 
 
 

ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆ

Չարլզ Սպենսեր Չապլինը ծնվել է1889թ. ապրիլի 16-ին, Լոնդոնում, վախճանվել է 1977թ. դեկտեմբերի 25-ին Վևում (Շվեյցարիա):

Քիչ է ասել` ամերիկյան կինոռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ: Նա պարզապես Չարլի Չապլինն է, կատակերգության արքան, ինչպես Պելեն` ֆուտբոլում:

Ծագումով անգլիացի է: Մեծացել է դերասանների ընտանիքում: Սկզբում հանդես է եկել մյուզիք-հոլում, 1907-1912թ.թ. աշխատել է Ֆ. Կառնոյի մնջախաղի թատրոնում:

Դեբյուտը կինոյում` 1914-ին էր` Մ. Սեննեթի "Բախտավոր Չարլին" ֆիլմում: Նույն թվականին նկարել է իր առաջին ֆիլմը` "Գարնանային տենդ"-ը: Շատ պայմանագրեր է կնքել ամենատարբեր կինոստուդիաների հետ: Այս շրջանում Չապլինը ձգտել է զուգակցել վարիետեն, մնջախաղի թատրոնի և կինոյի սկզբունքները, թեթև իմաստ, էքսցենտրիկ, զվարճաբան կատակերգություններից ("Ողջ գիշերը", "Գիշերվա ժամը 1-ին" և այլն) հասնելով ճշմարիտ կենսավիճակների:

Նրա տաղանդը լավագույնս դրսևորվել է "Շան կյանք", "Թափառաշրջիկը", "Բանկ", "Ներգաղթածը" և այլ ֆիլմերում:

1922-ին Չապլինը հիմնել է "Չարլզ Չապլին ֆիլմ փրոդաքշն" սեփական կինոֆիրման` ձեռք բերելով ստեղծագործական անկախություն: Ետպատերազմյան տարիներին Չապլինը ստեղծել է "Մսյո Վերդու" (1947) դաժան, հոռետեսական ֆիլմը: 1952-ին Չապլինը վտարվել է ԱՄՆ-ից. բնակություն է հաստատել Շվեյցարիայում: 1957-ին Անգլիայում նկարահանել է "Արքան Նյու Յորքում" ֆիլմը: Վերջին աշխատանքը կինոյում "Հոնկոնգցի կոմսուհին" ռոմանտիկական կատակերգությունն էր:

Ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին մատուցած ծառայությունների համար նրան շնորհվել է Խաղաղության միջազգային մրցանակ:

ՏՈՏՈ

Տոտոյի իսկական անունը շատ ավելի երկար է նրա բեմական հակիրճ կեղծանունից` նորին արքայական մեծություն Անտոնիո Ֆլավիո Ֆոկաս Նեպոմուչենո դը Կուրտիս Գալյարդի դուքս Կոմնին Բյուզանդացի: Բայց Անտոնիո դը Կուրտիսը դերասանական կյանքում ընտրեց Տոտո անունը և իր բոլոր բարձր տիտղոսներից գերադասեց "ծիծաղի արքա" տիտղոսը:

Նա ծնվել է 1898թ. և արվեստում առաջին քայլերն արել 17 տարեկանում, Նեապոլի էստրադային փոքրիկ թատրոններում: 1917թ. տեղափոխվում է Հռոմ և "Յովինելլի" թատրոնում սկսում հանդես գալ նմանակումներով ու երգերով: 1933թ. Տոտոն դառնում է "կապոկոմիկո", այսինքն` էստրադային խմբի ծրագրի "մեխ", թատերախումբ, որ հանդես էր գալիս մեծ կինոթատրոններում, սեանսներից առաջ: Տոտոն առաջինն էր, որ ֆաշիստական Իտալիայում բեմ հանեց քաղաքական սատիրան` բողոքելով ֆաշիստ պարագլուխների ինքնագոհ բթությունից և էժան դեմագոգիայից: Հանդիսատեսը նրան ընդունում էր ծափողջույնների որոտով:

Վարիետեում և ռևյուում Տոտոն աշխատեց մինչև 1949թ., իսկ հետո նրան լիովին կլանեց կինոն, որտեղ կայացավ մեծ կատակերգուի "հանդիպումը" նեոռեալիզմի հետ` 1950-ին` "Նեապոլը միլիոնատերերի քաղաք", 1951-ին` "Ոստիկաններ և գողեր" ֆիլմերում: 1952-ին նկարահանվեց "Որտե՞ղ է ազատությունը", 1954-ին` "Նեապոլի ոսկին", 1957-ին` "Օրենքն օրենք է", 1966-ին` "Թռչուններ մեծ ու փոքր", 1967-ին` "Սուրբ Յանուար օպերացիան" կինոնկարներում, նաև` բազմաթիվ ֆիլմ-ֆարսերում, ֆիլմ-վոդևիլներում, արկածային ու երաժշտական կինոկատակերգություններում: "Խոշոր դերասան է նա, - Տոտոյի մասին ասել է ռեժիսոր Պազոլինին, - ճշտորոշ, կատարյալ դերասան: Աշխատել նրա հետ նույնն է, թե ջութակահարը նվագի Ստրադիվարիուսի ջութակով":

ԲԵՍԹԵՐ ՔԻԹՈՆ

Անվանի ամերիկյան կինոկատակերգու: Իսկական անունը` Ջոզեֆ Ֆրենսիս:
Ծնվել է 1896թ.: Երեք տարեկանից ծնողների հետ ելույթ է ունեցել "Երեք Քիթոն" էստրադային համարներով: Կինոյում դեբյուտը կայացել է 1917թ.: ԼԻնելով գերազանց ակրոբատ, նա տիրապետում էր արտակարգ հնարքների, ինչով էլ ավելի հմայք էր հաղորդում իր կոմիկական դերերին:

Նկարահանվել է նաև մեծն Չապլինի հետ` օսկարակիր "Բեմեզրի կրակները" ֆիլմում: Նրա դերերին բնորոշ էին ինտելեկտուալ հումորը, միջոցների թարմությունը, ինչպես նաև` պարզ, առաջին հայացքից ոչծիծաղելի իրավիճակներին նուրբ կոմիզմ հաղորդելու ունակությունը: 1959թ. ստացել "Օսկարի" հատուկ մրցանակ` կինեմատոգրաֆում իր ունեցած անփոխարինելի դերի համար: Մահացել է 1966-ին:

ՄԱՔՍ ԼԻՆԴԵՐ

Ֆրանսիացի անվանի կինոկատակերգու: Իսկական անունը` Գաբրիել Մաքսիմիլիան Լենյել: Ծնվել է 1893թ.:
Պատանի հասակից խաղացել է փարիզյան վարիետեներում, ավարտել է Բորդոյի կոնսերվատորիան:

Կինոյում նկարահանվել է դեռևս 1905-ից: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են "Երեք հրացանակիրները", "Դժբախտության յոթ տարիներ" և այլն: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնականում նկարահանվել է Հոլիվուդում: Կարճ ժամանակում նրա ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը Լինդերի ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ, ի վերջո հանգեցնելով ինքնասպանության. 1925թ. հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա վերջ տվեց իր բավական կարճ կյանքին:

ԻԳՈՐ ԻԼՅԻՆՍԿԻ

Խորհրդային անվանի կատակերգու, ռեժիսոր: Ծնվել է 1901թ., Մոսկվայում:
Խաղացել է բեմում 1918-ից, սկզբում Մեյերհոլդի անվան թատրոնում, այնուհետև` Մոսկվայի Փոքր թատրոնում և Գեղարվեստական-ակադեմիական թատրոնում (MXAT): Կինոյում դեբյուտը կայացել է 1924թ.: Նկարահանվել է այնպիսի անվանի կինոկատակերգություններում, ինչպիսիք են` "Սուրբ Յորգենի տոնը", "Միլիոններով տիկնիկը", "Երեք միլիոնի դատավարությունը", "Վոլգա-Վոլգա", "Կառնավալային գիշեր", "Հուսարական բալլադ"
: "Կառնավալային գիշեր" ֆիլմում իր կերտած անզուգական Օգուրցովի դերը նա շարունակեց 1969-ին իր իսկ նկարահանած "Հին ծանոթը" կինոկատակերգությունում:

ԱՐԿԱԴԻ ՌԱՅԿԻՆ

ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ռուսական էստրադայի անզուգական աստղ` Արկադի Իսահակի Ռայկին: Ծնվել է 1911թ. հոկտեմբերի 10-ին, Ռիգայում:

Ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը: Աշխատել է Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնում որպես արտիստ, ապա` գեղարվեստական ղեկավար:

Ռայկինի թատրոնում բեմադրվել են շատ ու շատ կատակերգություններ` "Երկրի շուրջը 80 օրում", "Ծիծաղելը հանցանք չէ", "Տարվա եղանակները", "Սեր և երեք նարինջ", "Լուսացույց" և այլն: 1957-ից հանդես է եկել նաև արտասահմանում: 1988-ին հյուրախաղերով եղել է Երևանում:

ԼՈԻԻ ԴԸ ՖՅՈՒՆԵՍ

Ծնվել է 1914թ. հուլիսի 31-ին, Ֆրանսիայում:
Մինչև 1941թ., երբ դը Ֆյունեսը որոշեց դերասան դառնալ` ընդունվելով հատուկ դասընթացներ, եղել է մորթեգործ, հաշվետար, դեկորատոր, հանդես է եկել կաբարեում, փոքր դերեր խաղացել թատրոնում, բայց այդ ամենը ոչ փող է բերել նրան, ոչ հաջողություն: Նա դեռ պետք է առանձին դրվագներով հանդես գար 75 ֆիլմում, մինչև որ գլխավոր դեր առաջարկեին կինոյում, ապա և` թատրոնում:

Կինեմատոգրաֆ Ֆյունեսը մուտք գործեց 1945թ. "Բարբիզոնյան գայթակղություն" ֆիլմով: Սակայն բախտը երկար ժամանակ անբարեհամբույր էր նրա նկատմամբ. նրան իրոք նկատեցին ու գնահատեցին 1954թ. "Հայրիկը, մայրիկը, աղախինը և ես" կինոնկարից հետո: Եվ այն տարիքում, երբ արդեն երկու չափահաս որդի ուներ, շարունակում էր համարվել "հույսեր ներշնչող", "շնորհալի երտասարդ":

Դադարելով սովորական անհաջողակ լինելուց կյանքում, նա գտավ իրեն` դառնալով ծիծաղաշարժ անհաջողակ մարդ էկրանին: Դա տեղի ունեցավ, երբ Ֆյունեսն արդեն 43 տարեկան էր և խաղաց "Բռնված չէ` գող չէ" ֆիլմում: Այսուհետ նա խաղում է կամ օրինազանց մարդու, կամ ոստիկանի դեր: Դերասանն իր առջև խնդիր է դնում` զվարճացնել, ծիծաղեցնել հանդիսատեսին` չդրդելով լուրջ խորհրդածությունների. "Ես զվարճություն եմ վաճառում առավոտվա իննից մինչև երեկոյան յոթը": Եվ դա նրան հաջողվում է:

Հենց հայտնվում էր էկրանին` ձեռքերը խելահեղորեն շարժելով ու դեմքը զավեշտալի ծամածռելով, հանդիսասրահում պայթում էր քրքիջը: Հանդիսատեսն արդեն անհամբերությամբ էր սպասում Ֆյունեսի յուրաքանչյուր նոր ֆիլմին. "Ամերիկացի գեղուհին", "Սատանան և տասը պատվիրանները", "Սան Տրոպեզի ժանդարմը", "Ֆանտոմաս", "Բերանբացը", "Մեծ զբոսանք", "Դաջվածը": Տաղանդավոր դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմը` "Ժանդարմն ու ժանդարմուհիները" էկրան բարձրացավ 1982թ.:

ԲՈՒՐՎԻԼ

Բուրվիլն այն գյուղի անունն է, ուր 1917թ. ծնվել է Անդրե Ռեմբուրը:
Մինչև դերասան դառնալը, ինչի մասին երբեք էլ առանձնապես չի երազել, անցել է բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Քաղաք գալով` նախ ծառայության է անցել հացավաճառի մոտ, ում շնորհիվ նոտային գրագիտություն է սովորում, ինքնուրույն տիրապետում է շեփորին ու ակորդեոնին: Շուտով նրան ընդունում են նվագախումբ: Այնուհետև դառնում է ջրմուղագործ, կոշիկ մաքրող:

Հետո զորակոչվում է բանակ, զորացրվելուց հետո մասնակցում է մի շարք էստրադային մրցույթների, նույնիսկ դառնում դրանցից մեկի դափնեկիր: Եվ, վերջապես, 1941թ. կնքում է իր առաջին պայմանագիրը որպես էստրադային մենակատար: Բուրվիլը նախ էստրադա, ապա և էկրան բերեց անճարտար, հիմարավուն կերպարանքով ֆրանսիացի գյուղացուն, ում վրա կարելի է ծիծաղել, բայց ոչ ոք իրավունք չունի ծաղրելու նրան:

Կեղծանվան ընտրությունը պատահական չէր. արվեստում ապրած ողջ կյանքի ընթացքում այն դերասանին հիշեցրել է իր ծագման, իր արմատների մասին: 1947թ. նրան առաջարկվեց խաղալ գեղջուկ Լեոն Մենարի դերը "Այնքան էլ հիմար չէ" ֆիլմում, որը աղմկալի հաջողություն ունեցավ: Մենարի մասին շարքը շարունակվեց "Ձյան պես մաքուր", "Սիրտը ձեռքի վրա" ֆիլմերով: Վերջինում Բուրվիլը հնարավորություն ունեցավ դրսևորելու կրկեսի դերասանի իր տաղանդը:

Բուրվիլը հայտնի է նաև իր սատիրական պերսոնաժներով "Մեծ գանձարկղ", "Աշխարհի ամբողջ ոսկին", "Ուժասպառ մարդը կամ քաղաքային կյանքի հաճույքներ", "Տարօրինակ ծխականը" ֆիլմերից: Հետագայում Բուրվիլին ավելի հաճախ առաջարկում են հանդես գալ լուրջ ֆիլմերում` "Փարիզի միջով", "Թշվառները","Նոել Ֆորտյունա", "Ծանրակշիռ ապացույցներ":
"Երեք հրացանակիրներ", "Սապատավորը", "Կապիտանը" ֆիլմերում Բուրվիլն անձնավորում է հիմարավում կամ խորամանկ ծառաների, բայց այդուհանդերձ չի հեռանում իր նկարագրից: Նրա հերոսը մնում է նորմանդացի նույն գյուղացին` բնական հնարամտությամբ ու ժողովրդական հումորով: Անսահման տաղանդավոր Բուրվիլը եղավ ու մնում է ֆրանսիական կինոկատակերգության "տխուր ծաղրածուն":

ԲԵՆՆԻ ՀԻԼ

Իսկական անունը Ալֆրեդ Հոդհորն Հիլ: Ծնվել է 1925թ. հունվարի 21-ին Սաութհենքթոնում, Անգլիա: Ազգությունը` անգլիացի: Կատակերգակ: Բեննի Հիլի շոուն դիտում էին աշխարհի ավելի քան 60 երկրներում, բայց հատկապես սիրվել է ԱՄՆ-ում, երբ ամերիկյան հեռարձակող ընկերությունները գնեցին այն 1979-ին:

Հիլը, ով իր բեմական անունը վերցրել է Ջեք Բեննիից, հումորիստի իր կարիերան սկսել է Լոնդոնի երաժշտական սրահներում: Մինչ այդ 2-րդ համաշխարհայինի ժամանակ ծառայել է Բրիտանական բանակում և կռվել Ֆրանսիայում: Լինելով նախկին կրկեսային արտիստի որդի` թողնում է դպրոցը կաթնամթերք վաճառող աշխատելու համար: Հետո` 16 տարեկան հասակում թողնում է հարազատ Սաութհենքթոնը և մեկնում Լոնդոն:

1952-ին սկսում է BBC-ով զվարճալի հաղորդումներ վարել, և շուտով նրան հնարավորություն է տրվում ստեղծել իր սեփական շոուն: 1968-88թ.թ. ընկած ժամանակահատվածում Հիլը միայն 70 շոու է պատրաստում, սակայն դրանք միշտ էլ ամենաբարձր վարկանիշն ունեին հեռուստադիտողի շրջանում, նույնիսկ, երբ BBC-ին դադարեց այն հեռարձակել:

Նա մահացավ 1992-ի ապրիլի 20-ին, Լոնդոնում, հավանաբար սրտի անբավարարվածությունից:

ՅՈՒՐԻ ՆԻԿՈՒԼԻՆ

Յուրի Վլադիմիրի Նիկուլինը ծնվել է1921թ. դեկտեմբերի 18-ին, Սմոլենսկի մարզում:

Կրկեսի արտիստ, ծաղրածու, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ: Ավարտել է Մոսկվայի կրկեսին կից ստուդիան: Աշխատել է Կարանդաշի ղեկավարած ծաղրածուների խմբում:

Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում` "Միանգամայն լուրջ", "Օպերացիա "Ի" և Շուրիկի արկածները", "Կովկասի գերուհին" և այլն:

Կատարել է նաև դրամատիկ դերեր ("Երբ ծառերը մեծ էին", "Ինձ մոտ, Մուխտա'ր", "Ծերունի ավազակները" և այլն):

ԵՎԳԵՆԻ ԼԵՈՆՈՎ

Ռուս անվանի ու սիրված դերասան: Ծնվել է 1926թ.
: Լինելով բացառիկ, ինքնատիպ տաղանդի տեր դերասան, հավասարապես հաջող էր մարմնավորում ինչպես էքսցենտրիկ, կատակերգական, այնպես էլ` դրամատիկ, անգամ ողբերգական երանգներով դերեր:

Մեծ հաջողությամբ խաղացել է թե' բեմում (Մոսկվայի Ստանիսլավսկու անվան, Մայակովսկու անվան, Լենկոմի թատրոններում), և թե' կինոյում:
Կինոյում սկսել է խաղալ 1947-ից, սակայն համբավ ձեռք բերեց միայն 1965-ից` "Դոնյան պատմվածք" ֆիլմի էկրան բարձրանալուց հետո: Խաղացել է բազմաբնույթ դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են "Բելոռուսական կայարան", "Պարգև", "Շերտավոր երթուղի", "Ավագ որդին", "Երեսուներեք", "Հաջողության ջենթլմեններ", "Լեգենդ Թիլի մասին", "Աշնանային մարաթոն", "Սովորական հրաշք", "Հրեշը" և այլն:

ԱՆԴՐԵՅ ՄԻՐՈՆՈՎ

Կինոյի թատրոնի և էստրադայի սիրված դերասան Անդրեյ Միրոնովի մասին պատմելիս հիշում են, որ "նա ծնվել ու մահացել է բեմի վրա":
Իրոք, նրա մոր` անվանի դերասանուհի Մարիա Միրոնովայի երկունքի ցավերը բռնեցին բեմի վրա, և մի քանի ժամից, արդեն ծննդատանը, 1941թ. մարտի 8-ին ծնվեց հետագայում այդքան կանացի սրտեր գերած, մարդկանց այդքան առողջ ծիծաղ ու ժպիտներ պարգևած Անդրեյ Միրոնովը:

Իսկ մահացավ նա 1987թ. Մոսկվայի Սատիրայի թատրոնի բեմի վրա, իր ամենասիրելի` մոլիերյան Սիրանո դը Բերժերակի դերը խաղալիս: Իր ամենասիրելի կինոռեժիսորներից մեկի` Հենրիկ Հովհաննիսյանի մասին պատմելիս, մի առիթով նա այն միտքն արտահայտեց, թե "Հենրիկի կարճ կյանքն արդյունք էր այն բանի, որ նա չափից ավելի զգայուն, էմոցիոնալ մարդ էր, և այդ պատճառով էլ ժամանակից շուտ նա ինքն իրեն "այրեց", "պարպեց" կյանքը շրջապատի համար, ասելիքը հասցնել կարողանալու նպատակով": Նմանատիպ ճակատագիր էլ բաժին հասավ հենց Անդրեյ Միրոնովին:


հայ դասական երգիծաբաններ համաշխարհային դասական երգիծաբաններ
հայ նշանավոր կատակերգակներ Ժամանակակից երգիծանքի եւ կատակերգության վարպետները



© 2008 - 2012 HUMOR.am
e-mail:humor@humor.am