left.jpg

Մարդ կա` աշխարհն է շալակած տանում, մարդ կա`

1.  ելել է շալակն աշխարհի
2.  "բալկոնչիկի" հաշվին ընդլայնել է "իր փայ" աշխարհի մակերեսը
3.  դարձել է մաքսավոր` շալակի եղածը "հարմար" գնով մաքսազերծելու համար

1. 12 %   2. 83 %   3. 4 %  
Քվեարկել է 598 մարդ
 
 

 
 
 
ԱՎԵՏ ԱՎԵՏՅԱՆ

Ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում: Հայ սովետական դերասան: Ժողովրդական արտիստը սովորել է Ներսիսյան դպրոցում: Նախքան բանակ մեկնելը (1916) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրեւ աշակերտ եւ գործակատար, մոտիկից շփվել առեւտրական միջավայրի ներկայացուցիչների հետ, որոնց տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:

Բանակից զորացրվելուց հետո (1918) Բաքվում մասնակցել է Հ. Աբելյանի թատերախմբի ներկայացումներին: Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվազադեի "Չար ոգի" 1918) դերակատարումը: 1919-ին Խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-21-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձորի) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում: 1922-ից հաստատվել է Սունդուկյանի անվան թատրոնում:

Ե՛վ հայ դրամատուրգիայի կերպարների անսովոր առատությունը Ա. Ավետյանի խաղացանկում, ե՛ւ ազգային յուրահատուկ խաղաոճը նրան դարձնում են ազգային խոշոր դերասան: Նրա Զամբախովը եւ Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրեւ չգերազանցված անձնավորումներ:

Ոչ ոք այդպես վարպետորեն չի կերտել սեփականատիրական աշխարհի հերոսներին, ինչպես նա: Նույնպիսի ցայտուն ընդգծումներով, բայց համակրանք հարուցող անսքող հումորով նա անձնավորել է ժողովրդի ծոցից ելած պարզամիտ ու սրտաբաց մարդկանց:

ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

Ծնվել է 1903 թվականի ապրիլի 28-ին, Երեւանում:
Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, մանկավարժ, ժողովրդական արտիստը իր գործունեությունը սկսել է Գյումրիի (Լենինականի) թատրոնում: Կրթությունը շարունակել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի ստուդիայում, որն այն ժամանակ ղեկավարում էր հայ նշանավոր բեմադրիչ Ռուբեն Սիմոնովը:

Խաղացել է բազմաթիվ դերեր ("Պաղտասար աղբար", "Մեծապատիվ մուրացկաններ", "Ատամնաբույժն արեւելյան"): 1932-37-ը եղել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1938-ին Երեւանում էր, Սունդուկյանի թատրոնում, հիշարժան է նրա "Խաթաբալա"-ն:

Երեւանի Կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից է: Նրան հանընդհանուր ճանաչում են բերել կատակերգություններում խաղացած դերերը: Նկարահանվել է նաեւ կինոյում (լավագույն դերը` "Տերն ու ծառան"): Զբաղվել է նաեւ դասախոսական աշխատանքով:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՆՅԱՆ

Ծնվել է 1894 թվականի փետրվարի 1(13)-ին Տրապիզոնում, վախճանվել 1944 թվականի հունիսի 30-ին:

Հայ դերասան, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ: Կրթությունը ստացել է Եկատերինոդարի ռուսական դպրոցում, այնուհետեւ Սինֆերոպոլում ավարտել մասնավոր կինոստուդիա:

1922-ից աշխատել էՍունդուկյանի անվան թատրոնում, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիրներից է: Նկարահանվել է Հայկինոյում: Լավագույն դերերն են եղել (Մոլիերի "Դոն Ժուան", Շեքսպիրի "Կամակոր կնոջ սանձահարումը", "Վինձոյի զվարճալի կանայք" եւ այլն):

Հիացել ենք նրա Դարչոյով ("Պեպո"), Բադալով ("Նամուս"), Կիկոսով ("Կիկոս"), Նազար ("Քաջ Նազար") եւ այլն: Նկարահանվել է նաեւ համր կինոկոմեդիաներում:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի, չէ՛, աշխարհի թիվ 1 արտիստն էր նա: Նա արտիստ էր ամենուրեք, անընդհատ, կենցաղային ամեն իրավիճակից մինչեւ մեծ բեմ ու մեծ կինո: Իբրեւ կատակերգակ դերասան՝ նրա կողքին կարելի է թվարկել մի քանիսին միայն, իսկ նրանից առաջ՝ եւ ոչ մեկին: Նա անձնական կյանք չունեցավ: Նրա ողջ կյանքը դեռ մանկությունից նվիրված էր արվեստին:

Կենսագրական փաստերն այստեղ ավելորդ են: Նշենք թերեւս միայն այն, որ ծնվել է Գյումրիում հուլիսի 4-ին...
Անմահները ծննդյան եւ մահվան տարեթվեր չեն ունենում: Խաղացած դերերը թվարկելը փոքր ծավալի մեջ անհնար է. դրանք բոլորն էլ, մեծ թե փոքր, ընդմիշտ մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ: Կոչումնե՞րը: Հայաստանի, Վրաստանի, ԽՍՀՄ ժողովրդական դերասան էր, արժանացել էր թվարկված երկրների պետական մրցանակներին, բայց ամենամեծ կոչումը նրան փաղաքշորեն նվիրել էր ժողովուրդը՝ մեր Ֆրունզիկը: Պարզ ու մնայուն:

Հիշատա՞կը: Իր իսկ հիմնած արտիստական թատրոնը, որ իր անունն է կրում, Գյումրիում իր անունով փողոց... Սակայն ինչո՞ւ թվարկել, պարզապես լեգենդ, որպիսին դարձել էր դեռեւս կենդանության օրոք, լեգենդար եւ ընդմիշտ անզուգական:

ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Նրա համար տեղին է շեքսպիրյան բնութագրականը. "Մարդ էր, Հորացիո, ամեն բանով, էլ չեմ տեսնի նրա նմանին"...
Արտիստ էր՝ կատարյալ, նրա դեպքում ասել, թե ուներ ձայն եւ երաժշտական էր, գեղեցիկ էր՝ դեմքով ու կազմվածքով, ուներ դիմախաղ ու շարժ, կերպավորման մեծ վարպետ էր, նյութի տիրապետման ու մեկնաբանման ինքնատիպ գիտակ էր եւ այլն, եւ այլն, թվում է ոչինչ չասել Կարպ դերասանի, երգիծաբանի, մտավորականի, մեծ արվեստաբանի մասին...

Նա Կարպ Խաչվանքյանն էր, մարդ - թատրոն, մարդ - ծիծաղ, որին հանդիսատեսը սիրում էր այնպես, ինչպես, թվում է, չի կարող սիրել մեկ ուրիշին: "Կարպը մեզ համար անակնկալ է, անսպասելի գյուտ" , - ասողը Վարպետն է՝ Ավետիք Իսահակյանը: "Շատ տաղանդավոր դերասան է Կարպ Խաչվանքյանը:

Նա իր հերոսներին այնպիսի "շապիկ է հագցնում", որ նրանք դառնում են անշփոթելի եւ ավելի սիրելի", - սա նորին մեծություն Վահրամ Փափազյանի կարծիքն է: "Կարպ Խաչվանքյանը օժտված էր դերասանի վառ ու գունեղ տաղանդով եւ բենգալյան ճրագների պես հրավառություն հիշեցնող վերակերպավորման վարպետությամբ", - այսպես նկատել է մեծն Գոհար Գասպարյանը: Սակայն ինչու թվարկել: Նման բնութագրականներ, պակաս կամ ավելի գեղեցիկ ձեւակերպումներով, կարելի է քաղել յուրաքանչյուր հանդիսատեսի սրտից, ով երբեւէ տեսել է նրան բեմում, էկրանին:

Իբրեւ վիճակագրություն ասենք, որ Կ. Խաչվանքյանը (ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Թբիլիսիում) իր բեմական գործունեությունը սկսել է "Վրացֆիլմ" կինոդերասանական ստուդիայում (1939-1944թթ. կերտել է 11 կերպար), ապա տեղափոխվել է Երեւան, "Հայֆիլմ" կինոստուդիայում կերտել 4 դեր, (սկսած 1949-ից), հեռուստաթատրոնում ունեցել 10 դերակատարում (1959-ից սկսած), մասնակցել 22 ռադիոբեմադրության, իսկ հիմնականում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այստեղ 1944-1996թթ. ընթացքում խաղացել է շուրջ 100 դեր (մեծ մասը՝ գլխավոր), բեմադրել ավելի քան 10 ներկայացում: Եւ ամեն անգամ "բեմ բերել այն, ինչ ի ծնե իր էությունն է՝ ժպիտ ու խնդություն, որի մեծագույն պարգեւը դահլիճում պոռթկացող քրքիջն ու ծիծաղն է, հանդիսատեսի խանդավառ ծափահարությունը" (Ռուբեն Զարյան):

ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆ

Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասան Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երեւանում: Ավարտել է մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից եւ ընդունվել իր նախասիրած՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի դասարան):

Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որին եւ հավատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջը: Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց եւ սիրեց իբրեւ կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` "Ոսկե ցլիկում"՝ հորթապահ, "Նվագախմբի տղաներում"՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թեւավոր խոսքեր:

Փոխադարձ սիրով կապված լինելով հանդիսատեսի հետ` մեծ բարեխղճությամբ ընդառաջ էր գնում իր հայրենակիցներին, եւ Հայաստանում չկա մի գյուղ կամ դպրոց, որտեղ նա խաղացած կամ հանդիպման մասնակցած չլինի: Թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում եւ էստրադայում շուրջ 50 տարի եղավ ինքնատիպ կատակերգակ եւ ընդմիշտ մնաց հայ թատերարվեստի պատմության մեջ:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Ծնվել է 1935 թ. մարտի 15-ին:
Կրկեսի, էստրադայի եւ կինոյի արտիստ, մնջկատակ ու ծաղրածու: Ավարտել է Մոսկվայի էստրադային արվեստի պետական ուսումնարանը: Աշխատել է հայկական կրկեսում, իր ողջ տաղանդը նվիրաբերել հայ հանդիսատեսին: Պրահայում կայացած ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ:

1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն ("Աստղային անձրեւ", "Ծաղրածուի տարօրինակությունները" ներկայացումները): Խոհա-փիլիսոփայական երանգավորումներ ունեն նրա ստեղծագործությունները՝ "Սիրտը ափի մեջ", "Բռնցքամարտ", "Ջութակ", "Օլիմպիական մեդալներ" եւ այլ շատ ու շատ մանրապատումներ: Նկարահանվել է "Ճանապարհ դեպի կրկես", "Մոռացված նախնիների ստվերները", "Մանեժում պատանեկությունն է" եւ այլ կինոնկարներում, որոնցով այսօր էլ հայ հեռուստադիտողը հիանում է ու հպարտանում:

Հպարտանում, որ այս փոքրիկ մարմնով հանճարը մեր ժողովրդի մի մասնիկն էր, որ ծիծաղ էր սփռում աշխարհով մեկ, իր հոգում գուցե ունենալով մեծ տիրություն:


հայ դասական երգիծաբաններ համաշխարհային դասական երգիծաբաններ
համաշխարհային նշանավոր կատակերգակներ Ժամանակակից երգիծանքի եւ կատակերգության վարպետները



© 2008 - 2010 HUMOR.am
e-mail:humor@humor.am