16:00 - Հրաշքների վայելքն ամբողջացրեց "Միմ ստուդիո" թատերախմբի (Արա Հարությունյան, Հայկ Իսրայելյան, Հովհաննես Հաջինյան) մնջախաղի զվարճալի ծրագիրը` ներկայացված տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում:
16:30 - Իսկ "Ժպտացող օբյեկտիվները" բոլորին հրավիրել էին Հյուսիսային պողոտա` մասնակցելու “Սամվել Ք.Բաղդասարյան” ընկերության անցկացրած "Ծիծաղաշարժ լուսանկար" մրցույթում հաղթած աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցադրությանը մասնակցում էին նաև լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Վարդանյանը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Մրցույթը և ցուցահանդեսը ապրիլմեկյան միջոցառումների շրջանակներում անցկացվում էին առաջին անգամ, սակայն կազմակերպիչները համոզմունք հայտնեցին, որ դրանք կդառնան ավանդական:
17:00 - Տոն առանց ծաղրածուի՞: Չլսված բան է: Ծաղրածու Zozo-ի և իր ընկերների կողմից ներկայացվեց "Ա~յ-յա~-յա~յ" գերզվարճալի ծրագիրը` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Դահլիճում ներկա էին ՀՀ մանկատների 300-ից ավելի սաներ, ում տոնական տրամադրությունն ապահովեցին կենսուրախ ծաղրածուները:
18:00 - Արամ Խաչատրյան հուշարձանին հարակից տարածքում անցկացվեց տոնական բացօթյա հանդիսություն, որին մասնակցեցին ծաղրածուներ, կենդանիներ վարժեցնողներ, ակրոբատներ, յոգ, էկվիլիբրիստ, ձեռնածու, անտիպոդ, կիկեսային հեծանվորդ, մարդ-տիկնիկներ, ոտնացուպերով մարդիկ, փողային նվագախումբ, “Լամբադա” և “Էնջելս” պարային համույթները:
Նախատեսված քայլերթը չկայացավ` երթևեկության խցանման պատճառով (պայմանավորված լուսակիրների անկանոն աշխատանքով): Այն հետաձգվեց մինչև 2011թ. Ապրիլի 1-ը: Հուսով ենք, 2011-ի Ապրիլի 1-ին մայրաքաղաքի լուսակիրները կաշխատեն անխափան:
19.00- Տոնական ծրագրի շրջանակներում Երևանի կամերային պետական թատրոնը ներկայացրեց Ա. Երնջակյանի "Կաբարե" բեմադրությունը:
20:01 - Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ "Մեկից մեկ" եզրափակիչ շքահանդեսը, որին, երգիծանքի և հումորի հայաստանյան վարպետներից զատ, մասնակցում էին Լոնդոնից ժամանած` "Սթենդ ափ քոմեդի" ժանրի հանրահայտ ներկայացուցիչ, մեր հայրենակից Քև Օրքյանը և հանրության սիրելի, մոսկովյան "Ծուռ հայելի" թատրոնի ճանաչված դերասան Կարեն Ավանեսյանը: Երեկոն ավարտվեց
Ապրիլմեկյան օրհներգի փայլուն կատարումով, որի ընթացքում երգիչներին սիրով միացավ հանդիսատեսը: