Շախմատային արքա Վասիլի Սմիսլովի կնոջ` Նադեժդա Անդրեևնայի հետ է կապված շախմատային մի զվարճալի պատմություն: Երկրի չեմպիոնատներից մեկի ժամանակ լրագրողները գրոսմայստերներից մի քանիսի կանանցից փորձում են տեղեկանալ` շախմատ խաղալ գիտե՞ն, թե՞` ոչ: Երբ հերթը հասնում է Սմիսլովի կնոջը, նա պատասխանում է.
- Թեև շախմատ խաղալ ես չգիտեմ, բայց դիրքերից շատ լավ էլ գլուխ եմ հանում:
Աֆորիզմի վերածված այս պատասխանի մասին լսելով, գրոսմայստեր Տայմանովը մերձավորներին տխրությամբ խոստովանում է.
-Իմ դեպքում, ավաղ, ճիշտ հակառակն է, շախմատ խաղում եմ, բայց դիրքերից շատ հաճախ այդպես էլ գլուխ չեմ հանում...
Ակնառու առաջընթաց
Բոտվիննիկն ու Սմիսլովը վերջին անգամ` 1994 թվականին միասին մեկնեցին արտասահման: Բելգրադում ծրագրված էր Ռուսաստանի և Հարավսլավիայի շախմատի վետերանների ընկերական հանդիպումը: Ռուսական թիմի ավագը Սմիսլովն էր, Բոտվիննիկը` հրավիրված էր իբրև մրցավար: Խաղավարտից հետո կազմակերպված եզրափակիչ ճաշկերույթի ժամանակ Սմիսլովը ներկաների համար մեծագույն հաճույքով մի քանի արիա է կատարում:
- Դուք երկար ժամանակ է ինչ չէիք երգում, իսկ վերջերս ավելի հաճախ եք սկսել բեմում հայտնվել, հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը, - փորձում է տեղեկանալ Սանկտ-Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի նախագահ Խրոպովը:
- Ավաղ, վերջերս տեսողությունս է վատացել, ինչը ինձ խանգարում է խաղալ, բայց չի խանգարում երգել, - բացատրում է Սմիսլովը®
- Թույլ տվեք նկատել, որ Վասիլի Վասիլևիչը հիմա շատ ավելի լավ է երգում, քան նախկինում, այնպես որ` առաջընթացն ակնառու է,- Խրոպովին "լուսավորում" է իր վրա կրկին դատավորի պարտականություններ վերցած Բոտվիննիկը, ապա հավելում.
- Չէ որ ես նրան արդեն կես դար է, ինչ լսում եմ®
Հ.Գ - 1996 թվականին, իր 75-ամյակի նախօրեին, Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Վասիլի Սմիսլովը հանդես եկավ իր ողջ կյանքի ընթացքում ունեցած առաջին մենահամերգով:
|