|
left.jpg
|
 |
|
 |
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայազգի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1918թ., Երևանում: Սովորել է նախ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև` Մոսկվայի համամիութենական կինեմատոգրաֆիական ինստիտուտում: Նրա առաջին կինոկատակերգությունը "Կրոշի արկածները" ֆիլմն էր: Մեծ ճանաչում բերեց նրա հաջորդ` "Երեք գումարած երկու" ֆիլմը, որը, ցավոք դարձավ նրա վերջին կինոստեղծագործությունը. մեկ տարի անց անբուժելի հիվանդությունը վաղաժամ կտրեց նրա կյանքի թելը: Հենրիկ Հովհաննիսյանը անսահման հումորի տեր մարդ էր, շատերին են հայտնի նրա "փոստերը", որ նա սիրում էր "նվիրել" իր մտերիմներին, ինչպես նաև պատահական մարդկանց: Իր կարճատև կյանքի ընթացքում նա հասցրեց մի վառ, անմոռանալի հետք թողնել: Անգամ նրա խաղացած մատուցողի էպիզոդիկ դերը իր իսկ "Երեք գումարած երկու" ֆիլմում շատ տիպաժային է ու համեմված նուրբ երգիծանքով:
|
 |
ԼԵՈՆԻԴ ԳԱՅԴԱՅ
Անվանի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1923թ.:
Էքսցենտրիկ կինոկատակերգությունների մեծ վարպետ է: Նրա մի շարք ֆիլմեր դարձել են այդ ժանրի յուրովի դասական ստեղծագործություններ: Առաջին ֆիլմը, որը նրան մեծ ճանաչում բերեց, 1961-ին նկարահանած "Բարբոս շունն ու անսովոր մրցավազքը" կինոալմանախն էր: Դրան հաջորդեցին "Գործարար մարդիկ" կինոալմանախը` ըստ ամերիկացի մեծ դասական Օ' Հենրիի պատմվածքների, այնուհետև "Օպերացիա "Ի" կամ Շուրիկի արկածները", "Կովկասի գերուհին", "Ադամանդե ձեռքը", "Տասներկու աթոռ", "Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը", "Չի կարող պատահել", "Լուցկու ետևից", "Սպորտլոտո 82" և այլ կինոկատակերգություններ: Նրա մտերիմներն ու գործընկերները սիրում էին կես կատակ-կեսլուրջ պատմել, որ ծիծաղեցնելով բոլորին, նա անձամբ չափից ավելի զուսպ ու խստապահանջ մարդ էր, թե' կյանքում, թե' նկարահանման հրապարակում:
|
 |
ԷԼԴԱՐ ՌՅԱԶԱՆՈՎ
Անվանի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1923թ.: Նրա գրեթե բոլոր ֆիլմերն իրենց ժամանակին դարձան ներկայիս չափանիշներով ասած` "կինոհիթեր": Այդպիսին էր թե՛ նրա առաջին ֆիլմը`"Կառնավալային գիշեր" երաժշտական կատակերգությունը (1956), թե՛ դրան հաջորդած բազմաթիվ այլ ֆիլմերը` "Հուսարական բալադը", "Զգուշացիր ավտոմոբիլից", "Գարաժ", "Ծերունի ավազակներ", "Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում", "Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ", "Կայարան երկուսի համար": Ռյազանովը նաև կինոքննադատ ու կինոգետ է, երկար տարիներ վարում էր "Կինոհամայնապատկեր" հեռուստահաղորդումը: 80-ականների վերջին հիմնեց "Ոսկե Դյուկ" համամիութենական հումորի փառատոն-մրցանակաբաշխությունը, որի նաև վարողն էր:
|
 |
ԳԵՈՐԳԻ ԴԱՆԵԼԻԱ
Անվանի խորհրդային կինոռեժիսոր: Ծնվել է 1930թ.: Նրա ֆիլմերը հիմնականում տխուր, խորհելու տեղիք տվող կինոկատակերգություններ են: Առաջին ֆիլմը 1960թ. նկարահանած "Սերյոժան" էր, որին հաջորդեցին կինոհանդիսատեսի կողմից մեծ ճանաչում ու սեր վայելող "Ես քայլում եմ Մոսկվայով", "Երեսուներեք", "Մի վշտանա", "Աֆոնյա", "Միմինո", "Աշնանային մարաթոն", "Կին ձա-ձա", "Անձնագիրը" ֆիլմերը: Ծագումով լինելով վրացի, նա իր մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են հատկապես "Մի վշտանա"-ն և "Միմինո"-ն, համեմել է կովկասյան կոլորիտով, ընդգրկելով դրանցում վրացի և հայ դերասանների (Սոֆիկո Չիաուրելի, Վախթանգ Կիկաբիձե, Մհեր Մկրտչյան):
|
 |
ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ
Հայտնի ռուս գրող-երգիծաբան, Օդեսայի պատվավոր քաղաքացի, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Օդեսացիների համաշխարհային ակումբի նախագահ: Ծնվել է 1934թ. մարտի 6-ին, Օդեսայում (Ուկրաինա): 1956թ. ավարտել է Օդեսայի ծովային ինժեներների ինստիտուտը: Ուսանողական տարիներից գրում է մանրապատումներ և մենախոսություններ, որոնք հենց ինքն էլ կատարում է: 1963թ. ծանոթանում է Ա. Ռայկինի հետ, նրա հրավերով տեղափոխվում Լենինգրադ, աշխատում Ռայկինի թատրոնում: Հետագայում, երբ ձևավորվում է սեփական ոճը, Ժվանեցկին հեռանում է թատրոնից, վերադառնում Օդեսա և աշխատանքի անցնում ֆիլհարմոնիայում, ապա` Մոսկվայի "Էրմիտաժ" թատրոնում:
1988թ. Ժվանեցկին հիմնադրում է Մոսկվայի մանրապատումների թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: Նրա ստեղծագործությունների հիման վրա այստեղ բեմադրվել են բազմաթիվ ներկայացումներ ("Քաղաքական կաբարե", "Իմ Օդեսա" և այլն): 1994թ. նա պարգևատրվել է "Ժողովուրդների բարեկամության" մեդալով, արժանացել է "Տրիումֆ" մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:
|
 |
ԱԴՐԻԱՆՈ ՉԵԼԵՆՏԱՆՈ
Իտալացի դերասան, ռեժիսոր, երգիչ, կոմպոզիտոր: Մամուլը նրան կնքել է
"Սինյոր Բուֆ" անունով: Ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին, Միլանում: Բազմանդամ ու
համերաշխ ընտանիքում: Ամենաքիչը Ադրիանոն էր հետաքրքրվում երաժշտությամբ:
Նրան ավելի շատ գրավում էր ժամագործությունը: 12 տարեկանում, կիսատ
թողնելուվ ուսումը, նա արդեն աշխատում էր ժամագործ քեռու արհեստանոցում: Եվ
կշարունակեր դա անել, եթե սիրողական թատրոնում հայտնի երգիչների իր
նմանակումներով չգերեր հանդիսատեսին ու չստանար ելույթների բազմաթիվ առաջարկներ:
1954-ին Չելենտանոն գրում ու կատարում է իր առաջին երգը, իսկ 1957-ին
հեղինակային "Ես քեզ կասեմ չաո" երգով դառնում է առաջին համաիտալական
ռոք-ն-ռոլային փառատոնի հաղթող: 1961թ. ստեղծում է "Չելենտանոյի կլան" սեփական
ձայնագրման ստուդիան: 60-ականների վերջին Չելենտանոյի "24000 համբույր" երգը
ճանաչվում է տասնամյակի լավագույն երգերից մեկը: Նրա երգերը հետզհետե
դառնում են ավելի լուրջ. "Երգչի գերագույն պարտքը անարդարության դեմ բողոքելն
է"- ասում է Չելենտանոն: Իր քառասնամյա ստեղծագործական գործունեության
ընթացքում թողարկել է ավելի քան 30 ալբոմ` 70 միլիոն տպաքանակով:
1959-ին առաջին անգամ նկարահանվում է կինոյում` էստրադային երգչի
էպիզոդիկ դերով: 1963թ. իր ապագա կնոջ` Կլաուդիա Մորիի հետ խաղում է "Տարօրինակ
տիպը" ֆիլմում: 1964-ին նրանք ամուսնանում են: 70-ականներից սկսած ավելի
հաճախ է նկարահանվում կինոյում (շուրջ 40 ֆիլմ): Հայտնի են "Քաղցր
կյանք"(1960),"Հուպպի Դու"(1975), "Բլեֆ"(1977), "Կամակոր տղամարդու
սանձահարումը" (1980)", "Բինգո-Բոնգո"(1982) կատակերգական ֆիլմերը:
Այժմ Չելենտանոն կնոջ հետ բնակվում է Միլանի մոտակայքում և զբաղվում
ժամագործությամբ: Ունի 3 երեխա` Ռոզիտան, Ջակոմոն, Ռոզալինդան:
|
 |
ԳԵՆԱԴԻ ԽԱԶԱՆՈՎ
Ծնվել է 1945թ. դեկտեմբերի 1-ին: Էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995): Միջնակարգ և երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո փորձել է ընդունվել Շչուկինի անվան թատերական ինստիտուտ: Անհաջողության մատնվելուց հետո ընդունվել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան: 1969-ին ավարտելով այն` սկսել է աշխատել ՌՍՖՍՀ պետական էստրադային նվագախմբում` որպես հանդիսավար:
Դեռևս ուսանողական տարիներին Խազանովին մեծ ճանաչում բերեց խոհարարական տեխնիկումի ուսանողի մենախոսությունը: 1976թ. Ս. Ալտովի "Մրցանակ" մենախոսության, Հ. Հակոբյանի և Ն. Օզերովի նմանակումների համար արժանացել է Էստրադայի արտիստների V համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման:
1978թ. բեմադրել է "Կյանքի մանրուքներ", 1981-ին` "Ակնհայտն ու անհնարինը" ներկայացումները, որոնցում դերասանը ստեղծել է ժամանակակիցների զանազան տիպաժներ: Խազանովի սատիրան զայրույթ է առաջացնում պաշտոնական շրջանակներում, և 1984թ. արգելվում են ոչ միայն ներկայացումները, այլև ընդանրապես ելույթները լայն հասարակության առջև: Սակայն Խազանովի հեղինակությունն ավելի է մեծանում. նա շարունակում է ելույթներ ունենալ ակումբներում, փակ երեկույթներում:
Մենախոսության ժանրից անցնելով պատմվածքին, նա 1987թ. ներկայացնում է "Փոքրիկ ողբերգությունները", որտեղ դերասանի ստեղծած հոգեբանական կերպարները ստիպում էին խորհել կյանքի, մարդկային ճակատագրերի դրամատիզմի մասին:
Մենահամերգային ծրագրերի երկարատև ընդմիջումների ընթացքում հաջողությամբ նկարահանվում է կինոյում:
Արտասահմանյան բազմաթիվ հյուրախաղերից հետո (ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել) հանդիսատեսի համար "մեր տղա" դարձած դերասանը 90-ականներին կերպարանափոխվեց (փոփոխվեցին հագուստը, սանրվածքը)` հստակ սահմանագիծ դնելով իր և հանդիսատեսի միջև:
1997 թվից Մոսկվայի պետական էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
|
 |
ՄԻԽԱՅԻԼ ԶԱԴՈՐՆՈՎ
Ծնվել է 1948թ. հուլիսի 21-ին, Յուրմալայում (Լատվիա): Գրող-երգիծաբան, Ռուսաստանի գրողների միության անդամ: Մեկ տասնյակից ավելի գրքերի հեղինակ: Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, 1974-78թթ. աշխատել է ինժեներ: Սկսել է տպագրվել 1974 թվից: Երկար տարիներ եղել է ՄԱԻ-ի "Ռոսիա" ուսանողական թատրոնի բեմադրող ռեժիսորը, ագիտթատրոնի հետ շրջագայել է ողջ Ռուսաստանով և պարգևատրվել է Լենինյան կոմերիտմիության մրցանակով: Առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվել է1984թ. և միանգամից մեծ ճանաչում ձեռք բերել: 1990-ականների սկզբից հեղինակել և վարել է "Ծիծաղի շուրջ", "Անշլագ", "Սմեխոպանորամա" հեռուստահաղորդումները: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում Զադորնովի մենահամերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում:
1990 թվից սկսած լույս են տեսնում Զադորնովի գրքերը. "Աշխարհի վերջը", "Չե'մ հասկանում", "Վերադարձ", "Ժամանակակից մարդիկ", "Մենք բոլորս Չի-Չի-Չի-Պիից ենք" և այլն: Իր փոքրածավալ, բայց խորիմաստ գրքերում Զադորնովն ուսումնասիրում է շրջապատող իրականության զանազան խնդիրներ, ստիպում է սովորական դարձած երևույթներին նայել նոր հայացքով, նորովի գնահատել դրանք:
Զադորնովը "Ոսկե հորթ", "Օվացիա" մրցանակների դափնեկիր է:
|
 |
ՌՈԵՆ ԱԹԿԻՆՍՈՆ
Ռոեն Սեբաստիան Աթկինսոն: Ծնվել է 1955թ. հունվարի 6-ին, Նյու Քասլում, Անգլիա: Դերասան, գրող, պրոդյուսեր, կատակերգու:
Աթկինսոնը համաշխարհային հռչակ ունեցող բրիտանացի կոմիկ դերասան է, որ առավել հայտնի է որպես "Բին" ֆիլմերի աստղ, որում նա խաղում է պարոն Բինի դերը: Նույնանուն հեռուստասերիալի շնորհիվ դարձավ ավելի սիրված և 2003-ին նկարահանվեց "Ջոնի Ինգլիշ" ֆիլմում (մարմնավորում է հետախույզ Ջոնի Ինգլիշին) : Սևահեր դերասանը դարձել է Անգլիայի ամենահայտնի դերասաններից մեկը, իսկ նրա սուր, հաճախ նաև "սև" հումորը նրան համաշխարհային ճանաչում են բերել: Աթկինսոնը սկսել է խաղալ 1979-ից, երբ դեռ ուսանող էր Օքսֆորդի համալսարանում: Համալսարանում հանդիպում է Ռիչարդ Քերթիսին և շարունակում են աշխատել միասին: Նրանք սկսում են հումորային նյութեր գրել և համատեղ մի քանի ծրագրեր են իրագործում: Միասին ստեղծում են "Ոչ իննի լուրերը"` սերիալ, որ սկսեց ցուցադրվել BBC-ով 1979-ին: Սկզբնական շրջանում ամենահայտնի դերերից մեկը "Բլեք Ադեր"-ում էր:
1996-ին արդեն Աթկինսոնը ամենաբարձր վարձատրվող բրիտանացի դերասանն էր, ըստ Entertiment Weekly հանդեսի` ավելի քան 11 մլն. ֆունտ: Նա ստեղծեց իր պրոդյուսերական ընկերությունը` "Թայգեր Ասփեքթ" անունով: Աթկինսոնի հաջողության գրավականը, անկասկած, պարոն Բինն է և "Բին" ֆիլմը: Բինի հերոսը ծնվեց 1979-ին, երբ Աթկինսոնը և Քերթիսը հումորային փառատոնի համար ստեղծեցին տարօրինակ ու լուռ մի մարդու կերպար: 1997-ին ֆիլմը Բրիտանիայում ավելի քան 130 մլն. եկամուտ բերեց: Սակայն ԱՄՆ-ում ֆիլմի եկամուտն այնքան էլ մեծ չէր` ընդամենը 45 մլն. դոլար: Դերասանն այդ հանգամանքը բացատրեց այսպես. "Հանդիսատեսը պարզապես չհասկացավ հումորը: Ամերիկացիները Ջեյմս Ուիքսլերի նկարից պլաստմասե սուլիչ կամ գարեջրի գավաթ պատրաստելու մեջ ծիծաղելի ոչինչ չեն տեսնում": Հայտնի է նաև գեղարվեստական ֆիլմերում խաղացած դերերով` "Բարձրահասակ տղան"(1989), որտեղ մարմնավորում Թոն Անդերսոնին, "4 հարսանիք և մեկ թաղում" (1994), որտեղ խաղում էր լեզուն կապ ընկած քահանայի դերը, "Երբեք մի ասա երբեք կրկին" (1983):
Ատկինսոնն ամուսնացած է արդեն կայացած արտիստ Սանեստրա Սաթսիի հետ և ունի 2 երեխա: Ռոենն ազատ ժամանակ սիրում է մեքենա վարել: 1980-ին արժանացել է BBC-ի կողմից շնորհվող "Տարվա մարդ" մրցանակին:
|
|
 |
|
|

|
|
|
|